ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ քաղաքացիները փողոցներ են փակել, անհնազանդության ակցիաներ են անում։
«Մենք պետք է արձանագրենք, որ այս ամենը, ինչ տեղի է ունենում, ես համարում եմ էլիտաների հեղաշրջման փորձ, որովհետև այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում, միտումնավոր շրջանցում են ՀՀ ժողովրդին, որը իշխանություն ձևավորողն է։ Մի խումբ քաղաքական գործիչներ որոշել են, որ իրենք պետք է ՀՀ վարչապետ որոշեն և այդ մարդուն նշանակեն ՀՀ ղեկավար մեկ տարով։ Եվ չեն խոսում, օրինակ, ընտրությունների մասին։ Այսինքն՝ վերցնում են ՀՀ քաղաքացիներից ընտրելու իրավունքը։ Դա թերևս զարմանալի չէ՝ հաշվի առնելով այն, թե ում կողմից է կազմակերպված այս էլիտաների հեղաշրջման փորձը։ Հեղափոխությունից հետո շատ ու շատ էլիտաներ կորցրել են իրենց հնարավորությունները՝ գոմար աշխատելու, կոչումներ ստանալու։ Եվ այսօր, տեսնելով, որ իրավիճակը բարդ է, տարբեր քաղաքական ուժերի կողմից այդ էլիտաները բրդվում են առաջ, որպեսզի ՀՀ-ում իշխանափոխություն լինի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։ Նա չի բացառում, որ կարող է հիմա արտահերթ ընտրություն լինել։ Հարցին, թե ինչու՞ չեն հայտարարում, նա պատասխանեց․ «Որովհետև դրա հետ կապված որոշում չկա, ես որպես անձ՝ ասում եմ՝ չեմ բացառում»։
Նա հարցադրում արեց․ «Իսկ ո՞վ որոշեց, որ պետք է Վազգեն Մանուկյանը լինի, կարող է դուք ուզում եք, որ վարչապետը Էդմոն Մարուքյանը լինի։ Եթե խոսում են ժողովրդի անունից, ժողովրդի անունից ագրեսիա են տարածում, թող ասեն՝ հարգելի ժողովուրդ, եկեք նոր ընտրություններ կազմակերպենք։ Այստեղ կարևորը հետևյալն է՝ ՀՀ ժողովուրդը պետք է որոշի, ոչ թե էլիտաները։ Ես չեմ բացառում, որ ինչ-որ ժամանակ, երբ մենք հասկանանք, որ իրոք արդեն բոլոր պրոցեսներն ավարտված են, ռազմագերիների հարցերը լուծված են, երբ մարդկանց մոտ հուզմունքը կվերածվի սառը դատողության, կլինեն արտահերթ ընտրություններ։ Ես համարում եմ, որ եթե հիմա էլ ընտրություն լինի, իշխող ուժը նորից կհաղթի»։